Արտակ Զեյնալյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրենը  քննարկել են Կառավարություն-մասնավոր հատված համագործակցությունը

18:16 • 01.04.19

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և քննարկել Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներից է, որը մատուցում է 67 պետական ծառայություն:

Խուան Պաբլո Գեչիջյանը ներկայացրել է այս ոլորտում զարգացման իրենց տեսլականը և Հայաստանում գործող «Հայփոստ»-ի բոլոր գրասենյակների կողմից պետական ծառայություններ մատուցելու հնարավորությունները:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հետաքրքրված է այս ինստիտուտի զարգացմամբ՝ ընդգծելով, որ պետական ծառայությունները քաղաքացիներին մոտեցնելով շահում են և՛ պետությունը, և՛ քաղաքացին: «Շահագրգռված ենք համագործակցությունը խորացնելու հարցում, հաստատում եմ ոլորտը զարգացնելու վերաբերյալ մեր հանձնառությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող  մի շարք ծառայություններից: 

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով: